Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել` Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովը հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանը, կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այժմ օրակարգում են կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալը, ինչպես նաև տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը:

«Այս բոլոր ուղղություններով որոշակի դրական բան կա, բայց առաջանում են նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի արտառոց լինելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք