Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Այսօր հատուկ հրավերով Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից:

Դեսպանը մասնակցեց ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը մշակութային լինելուց զատ նաև լեզվիմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։ Դպրոցում պարսկերենը դասավանդվում է որպես երրորդ օտար լեզու, այն սովորում են 5-8-րդ դասարանների աշակերտները։

Դեսպանին դիմավորեցին և միջոցառմանը մասնակից դարձան Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրենությունը, աշակերտներ։

Դպրոցականները հանդես եկան Հայաստանի և Իրանի մշակույթի, սովորույթների և ազգային տոների մասին պարսկերեն ելույթներով՝ շեշտադրելով երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։

Միջոցառումն ամփոփող շնորհակալական խոսքում Մեհդի Սոբհանին նշեց, որ ուրախ է տեսնել, թե որքան լավ են տիրապետում հայ աշակերտները պարսկերենին և որքան իրազեկ են Իրանի մշակույթին։ Դեսպանն ընդգծեց, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են, և Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթում է լավագույնը։

Մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ ամեն տարի դպրոց այցելելու, պարսկերեն ուսումնասիրող աշակերտներին մոտիվացնելու, հայ-իրանական բարեկամական կապերն ամրապնդելու համար։

Հավելենք, որ մայիսին կայանալու է «Հայաստան-Իրան բարեկամական կամուրջ» խորագրով հանրապետական մրցույթ, որին մասնակցելու են նաև Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։

Related posts

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

1 զոհ, 1 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Մայիսյանում