Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքի էջում:

«Մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության:

Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք:

Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։

Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը:

ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։19-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և MAZ մակնիշի բեռնատարը։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա