Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Արեֆին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ:

Մոհամմադ Ռեազ Արեֆին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել ՀՀ Անկախության տարեդարձի առիթով: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը վերահաստատելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի խոսքերը՝ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների շուրջ վերջին զարգացումներին, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին` շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակմամբ նպաստել շահագրգիռ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Իր հերթին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Related posts

Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում գրավադրված լինելու տեղեկություններին

Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի

Նվազագույնը, ինչ կարող են անել եվրոպացիները, Իսրայելին դատապարտելն է, աջակցությունը դադարեցնելը. ՄԱԿ-ում Իրանի դեսպան