Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ը ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում

ԱՄՆ-ը ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում՝ հաղորդում է New York Times-ը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարները և թռիչքային տվյալները: Սա երեք անգամ գերազանցում է սովորաբար տեղակայված ինքնաթիռների թիվը:

Ըստ պարբերականի՝ ռազմական ներկայության նման ընդլայնումը վկայում է այն մասին, որ ռազմաբազան կարող է օգտագործվել որպես առանցքային հենակետ՝ Իրանին հնարավոր հարվածների համար: Սա տարածաշրջանում ամերիկյան ուժերի ամենամեծ տեղակայումն է 2003 թվականին Իրաք ներխուժումից ի վեր:

Ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են նկատվել նաև Ազորյան կղզիների ավիաբազայում: Ստեղծված իրադրության պայմաններում ՄԱԿ-ը կողմերին կոչ է արել դիվանագիտական միջոցներով լուծել տարաձայնությունները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ուժերի մեծ կենտրոնացման, անցկացվող զորավարժությունների և ռազմածովային ուժերի ներկայության առնչությամբ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել էր, որ երկիրը վճռորոշ պատասխան կտա ցանկացած ռազմական ագրեսիայի:

Related posts

Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև

Որքա՞ն են «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները. Արթուր Հովհաննիսյանը՝ Արամ Վարդևանյանին

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է