Իրանի արձագանքը Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան փաստաթղթերի ստորագրմանը

Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա միտումներին և այդ իրադարձությունների շուրջ կապի մեջ է հարևան Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Անկասկած, Կովկասում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ողջունելով երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստի լրամշակումը, իրադարձությունների այս զարգացումը կարևոր քայլ է համարում տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար: Միևնույն ժամանակ, մտահոգություն ենք հայտնում ցանկացած ձևով, հատկապես՝ ընդհանուր սահմանների մոտ ցանկացած արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, որոնք կարող են վնաս հասցնել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը»,- ասված է փաստաթղթում:

Իրանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ստեղծումը և հաղորդակցության ցանցերի ապաշրջափակումը կծառայեն տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը, երբ փոխադարձ շահերի շրջանակներում պահպանվեն տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել փոխադարձ շահերի վրա հիմնված կառուցողական համագործակցությունը ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ՝ պահպանելու տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը և տնտեսական զարգացումը երկկողմ և տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչպիսին է «3+3» մեխանիզմը»,- նշել են իսլամական հանրապետությունից:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում