Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների համատեղ հայտարարությունը՝ նշելով, որ այն չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումները համարել է ագրեսիվ, անպատասխանատու և սադրիչ ու զգուշացրել է տարածաշրջանում ռազմատենչ գործողությունների և միջամտության շարունակականության մասին:
Թեհրանը հույս է հայտնել, որ տեղի պետությունները կվերանայեն իրենց վերաբերմունքը տարածաշրջանում ամերիկյան զորքերի ներկայության նկատմամբ։
Թեհրանը Պարսից ծոցի երկրներին խորհուրդ է տվել ոչ թե պաշտպանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները, այլ նպաստել Մերձավոր Արևելքում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծմանը:
Նախորդ օրը Բահրեյնում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների միջև նախարարական հանդիպում, որի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն։ Կողմերը կտրականապես մերժել են Հորմուզի նեղուցի նկատմամբ տուրքեր, վճարներ կամ վերահսկողություն սահմանելու ցանկացած փորձ՝ ընդգծելով «ազատ, անվերապահ և անսահմանափակ նավարկության» անհրաժեշտությունը։ Մասնակիցները ողջունել են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, սակայն ընդգծել են, որ պետք է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը և դադարեցնել նրա աջակցությունը տարածաշրջանային իրանամետ ուժերին: