Ինչ գրություն է հղել Լավրովը Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ. մանրամասնել է ՌԴ ԱԳ նախարարը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասնեց 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ այդ ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրության բովանդակությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթական մարաթոնի մասնակիցներից մեկը ՌԴ ԱԳ նախարարին հիշեցրեց, որ նա 2009 թվականին կարճ գրություն է հղել այդ ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: «Գրությունը վերաբերում էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանը: Այդ գրության մեջ դուք ընդամենը 6 բառ եք գրել. «Էդվարդ, համաձայնվիր արարողակարգին առանց հայտարարություններ անելու»: Եվ ինչպե՞ս այդ 6 բառը համոզեցին Ձեր հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը»,- հարցրեց մասնակիցը:

Սերգեյ Լավրովը ի պատասխան նշեց.

«Եթե դուք փորփրել եք այդ թեման, հարկավոր է կոնտեքստը ներկայացնել: Կոնտեքստը նրանում էր, որ 2008 թվականին մեր հայ բարեկամները մեզ ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունները կարգավորելու, համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը: Մենք ասացինք` դա շատ լավ է, կա՞ն որոշակի նախապայմաններ: Ոչ, նախապայմաններ չկան: Հետո գործը հասավ ստորագրմանը, այն պլանավորված էր Ցյուրիխում՝ բնականաբար, Հայաստանի, Թուրքիայի նախարարների մասնակցությամբ: Այդտեղ եկել էր նաև Հիլարի Քլինթոնը, որն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, եկել էր Եվրամիության ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան ու ևս ինչ-որ մեկը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք այդ ամենը կստորագրենք, բայց մենք պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի իմ գործընկերոջը, որ իրեն նախազգուշացրել էի, որ այնքան էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի կունենա առանց նախապայմանների: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը եկել են, և՝ փակուղի: Արդյունքում թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ ֆորմալ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դու հայտարարություն անես, այդ դեպքում ես էլ հայտարարություն կանեմ: Մենք նստած էինք, այդ ժամանակ ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է որևէ կերպ դուրս գանք այդ իրավիճակից, և ես նրան (ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին-խմբ.) գրություն գրեցի, որ չպնդի մեկնաբանության թեման: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն ավելի ուշ «կորան» նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ»:

ՌԴ ԱԳ նախարարը հավելեց՝ հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Լավրովը շեշտեց, որ իրենք պատրաստ են ամենաակտիվ ձևով աջակցել դրան:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան