Հուլիսի 3-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Հայաստանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատային բացառիկ մրցաշար՝ Ժնևում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից։
Շախմատի միջազգային օրվան՝ հուլիսի 20-ին ընդառաջ` ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարն անցավ ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի հովանու ներքո՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ Խաղաղության համալսարանի, ինչպես նաև՝ Շվեյցարիայի և Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիաների գործընկերությամբ ու աջակցությամբ։
Մրցաշարը, որը կրում էր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը, մասնակցում էին Հայաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կուբայի, Պանամայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մալթայի միաբանության, Իտալիայի և Կիպրոսի մշտական ներկայացուցչությունների դիվանագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ։
Բացման խոսքով հանդես եկան Ժնևում ՄԱԿ գրասենյակի Գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան, Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրե Ֆոկտլինը, ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Իր խոսքում ՀՀ դեսպանը հիշեցրեց, որ հուլիսի 20-ը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել էր Շախմատի միջազգային օր՝ 2019 թվականին Հայաստանի կողմից առաջարկված և 53 երկրի համահեղինակությամբ ընդունված կոնսենսուսային բանաձևի արդյունքում։
Նա հիշատակեց ինչպես Հայաստանի ներդրումը համաշխարհային շախմատի զարգացման հարցում, այնպես էլ շախմատի բնագավառում հայ շախմատիստների նվաճումները, այդ թվում՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի օլիմպիական եռակի չեմպիոն դառնալու և ՖԻԴԵ-ի կողմից հարյուրամյակի լավագույն ազգային հավաքական ճանաչվելու հանգամանքները։
Մրցաշարի առաջին խորհրդանշական քայլը կատարեց Ժնևում ՄԱԿ գրասենյակի Գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Նա իր խոսքում ջերմ շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ նման առաջին մրցաշարի կազմակերպման համար՝ ընդգծելով խաղի համամարդկային նշանակությունը՝ ժողովուրդների միջև երկխոսության և խաղաղ համագործակցության գործում։
Ժնևի շախմատային ֆեդերացիայի կողմից սահմանված մրցավարական կարգի համաձայն անցկացված արագ մրցաշարին մասնակցեց 32 շախմատիստ, որոնք խաղացին ընդհանուր 7 փուլով՝ յուրաքանչյուրը 7 րոպե տևողությամբ: Մրցաշարի չորս ժամերի ընթացքում մրցասրահ այցելեցին հարյուրից ավելի շախմատասերներ, որոնց թվում՝ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Թեև մրցաշարը սիրողական էր, մասնակիցների թվում կային նաև ՖԻԴԵ-ի միջազգային վարկանիշ ունեցող մասնակիցներ, ինչն առավել մրցակցային ոգի հաղորդեց մրցաշարին։ Մրցաշարի ոսկե մեդալին արժանացավ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի ներկայացուցիչը, արծաթե և բրոնզե մեդալակիրներ ճանաչվեցին Հյուսիսային Մակեդոնիայի և Կուբայի ներկայացուցիչները։
Մրցաշարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին Տիգրան Պետրոսյանի անվան մրցաշարի հուշամեդալներ։ Մրցաշարի ավարտին Ժնևում ՄԱԿ Խաղաղության համալսարանի դեսպան -մշտական դիտորդ Դեյվիդ Ֆերնանդեզ Պույանան և Հ․ Տոլմաջյանը հանդես եկան եզրափակիչ խոսքերով՝ շնորհավորելով հաղթողներին և երախտագիտություն հայտնելով բոլոր աջակիցներին, այդ թվում՝ Ժնևի Շախմատային ֆեդերացիային՝ խաղի արհեստավարժ և հմուտ վարման և մրցավարության համար: