Թրամփը դժգոհ է Պուտինի հետ հեռախոսազրույցից. DW

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքն առաջընթաց չի գրանցել Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում: Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրուցել է հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում, գրում է DW-ն:

«Դա բավականին երկար զրույց էր, մենք խոսեցինք շատ բաների մասին, այդ թվում՝ Իրանի, ու ինչպես գիտեք, Ուկրաինայի հետ պատերազմի մասին: Եվ ես գոհ չեմ, առաջընթաց չկա»,- ասել է ամերիկացի ղեկավարը:

Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Կիևին։ «Մենք զենք ենք տրամադրում ուկրաինացիներին, աշխատում ենք նրանց հետ և փորձում ենք օգնել նրանց»,- ասել է Թրամփը։

«Գիտեք՝ Բայդենը դատարկել է մեր ամբողջ երկիրը՝ նրանց զենք տալով, մենք պետք է վստահ լինենք, որ ինքներս բավարար չափով այն ունենք»,- նախագահը պարզաբանել է Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, Hellfire հրթիռներ և այլ բարձր ճշգրտության հրետանային զինամթերքի մատակարարումները սառեցնելու որոշումը:

Բրիտանական Financial Times թերթի տվյալներով՝ Թրամփը հուլիսի 4-ին հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Կրեմլի տվյալներով՝ հուլիսի 3-ին Պուտինի և Թրամփի միջև հունվարից ի վեր վեցերորդ պաշտոնական հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ։ Քաղաքական գործիչները քննարկել են նաև Սիրիայում, Իրանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հնարավոր անձնական հանդիպման մասին խոսք չի եղել, սակայն, ըստ Ուշակովի, «այդ գաղափարը օդում կախված է»։

Related posts

Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր