Դատախազը միջնորդագիր ներկայացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի նիստին ներկայացրեց միջնորդագիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Վարդապետյանը տեղեկացրեց՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործերն իրար հետ կապված են, ապա ներկայացրեց մանրամասները: Ըստ այդմ՝ Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, և ի թիվս այլնի պատասխանատու լինելով նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությամբ կանխարգելման և նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողության ապահովման համար, միջոցներ չի ձեռնարկել թույլ տված խախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:

«Արծվիկ ՄԻնասյանը տեղեկացված է եղել, որ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարաքծում ընդգրկված ՀՀ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10,526 քառակուսի մակերեսով հողատարածքը: Տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաներում Սեյրան Օհանյանը հիշյալ տարաքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ: Տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա անձանց կողմից իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել, և դրանց օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տվել: Խմբային շահերից ելելով՝ չի կատարել իր պարտականությունը, միջոցներ չի ձեռնարկել թույլ տված խախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ»,- ասաց նա:

Վկայի՝ դատավարական կարգավիճակով հարցաքննված դատավարական ցուցմունքը, որի համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերից 2018-ի մարտը, բնապահպանության նախարար նշանակվելուց հետո տեղեկացրել է, որ վերոնշյալ հասցերում գտնվող հողատարածքը, փաստացի, առանց օրինակ հիմքերի, օգտագործվում է Սեյրան Օհանյանի կողմից:

Համապատասխան իրավական գործընթաց նախաձեռնելու համար կազմակերպվել է մրցույթ, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Բենյամին Ղալեչյանը: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նման դեպքերը շատ են եղել, և նա գործել է պետության շահերից ելնելով, քանի որ ցանկացել է օրինական դաշտ բերել նման ապօրինի կառույցները և նման վարձակալական վճարներ մուտքագրել բյուջե:

Գործի մանրամասները ներկայացնելուց հետո գլխավոր դատախազը հայտարարեց. «Միջնորդում եմ տալ համաձայնություն ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»:

Related posts

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը. ՔԿ

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս

Թրամփը դժգոհ է Պուտինի հետ հեռախոսազրույցից. DW