Թուրքիան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Բայդենի ուղերձն «անհաջող» է որակել

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ին մի շարք երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունների վերաբերյալ:

Անկարան «անհաջող» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը՝ այն համարելով «2021 թ. արած սխալի կրկնություն»:

«Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներից ելնելով՝ խեղաթյուրում են պատմական իրողությունները, և դատապարտում ենք նրանց, ովքեր թույլ են տալիս այս սխալը»,- նշված է հայտարարության մեջ:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը «միակողմանի և ընտրողական մոտեցում է» և հետապնդում է քաղաքական նպատակներ:

«Մարդկային կեցվածքը և խիղճը պահանջում են, որ այդ ժամանակ տեղի ունեցած բոլոր տառապանքները հիշատակվեն առանց էթնիկ և կրոնական տարանջատման: Թուրքիան oսմանյան բնակչության, այդ թվում և՝ հայերի ապրած տառապանքները հարգանքով է հիշում»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

Գերատեսչության պնդմամբ՝ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ տարածաշրջանում և աշխարհում տիրապետող լինեն խաղաղությունն ու կայունությունը, և առաջ մղվի համագործակցության ոգին:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում