Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին

Հայաստանում գազն էժան չէ: Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին՝ համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում, և սա փաստ է, որ պետք է արձանագրենք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ ԵԱՏՄ անդամությունից զրկվելով՝ ՀՀ-ն կարող է զրկվել գազի արտոնյալ սակագնից:

Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ նման սցենարով զարգացման դեպքում Հայաստանն այլընտրանք ունի՞, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց վրա թանկացման բեռը չզգան:

Փաշինյանը նախ հիշեցրոց, որ բոլոր ոլորտներում գնալու են դիվերսիֆիկացման ճանապարհով, և որ դա քաղաքական որոշում է, ապա հավելեց, որ կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ:

«Եթե նման իրավիճակ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ: Այնպես որ, մենք նորմալ ենք վերաբերվում: Հանգիստ, աշխատանքային մթնոլորտում պետք է և կարող ենք քննարկել: Էլ չեմ ասում, որ մենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչից: Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք:

Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից գազ բերելու կամ երկրորդ տեղից բերելու ավելի շատ, գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն երրորդ տեղից բերելու, գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն չորրորդ տեղից բերելու, մենք այդ ճանապարհով էլ ենք գնալու: Եթե հնարավորություն կա, որ TRIPP-ով գազամուղ անցնի Հայաստանով, որից մենք այդ թվում տրանզիտային վճարներ կստանանք, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ: Մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր սցենարներով»,- ասաց նա:

Related posts

Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին

Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր