Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթի սկզբում՝ մինչ Կառավարության անդամի երդման տեքստը կրկին ներկայացնելը, ամփոփեց երեկվա քննարկումը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ մեզ ընդդիմությունը մեղադրեց Կառավարության անդամի երդման տեքստից մի շարք կարևոր հասկացություններ ջնջելու համար՝ ասելով, որ դուք ջնջում եք հայրենիքը, ազգային նպատակները, ժողովուրդը, և տպավորություն է, թե ընդդիմությունը տեսնում է միայն այն, թե ինչը այլևս տեքստում չկա, և չի տեսնում այն, թե ինչ է տեքստում նախատեսված:

Ասում ենք՝ սիրելի ընդդիմադիր պատգամավորներ, մենք չենք ջնջում հայրենիքը, մենք գրում ենք «Հայաստանի Հանրապետություն», որովհետև մեր հայրենիքը ՀՀ-ն է:

Ասում ենք՝ մենք չենք հանել «համազգային նպատակները», մենք փոխակերպել և կոնկրետացրել ենք դրանք: Մենք գրել ենք, որ Հայաստանի Հանրապետության հարատևությունը, ինքնիշխանությունը, անկախությունն ու զարգացումն են մեր նպատակները:

Ասում եք՝ ջնջել ենք «ժողովուրդը», մենք ասում ենք՝ սիրելի՛ պատգամավորներ, մենք չենք ջնջել «ժողովուրդը», մենք գրել ենք, որ Կառավարության անդամը պետք է սպասարկի հանրային շահը և պետք է գործի ամենայն պատասխանատվությամբ՝ ներկա և ապագա սերունդների առաջ»,- ասաց Գալյանը:

Նա հորդորեց ընդդիմադիր գործընկերներին՝ խղճալ ժողովրդին ու չգալ ԱԺ նիստերի դահլիճից ունենալ պաթոսախեղդ, ճշմարտանման, իրականությունը չարտացոլող ելույթներ:

Related posts

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Եթե ունի բարձր հեղինակություն, ոչինչ չի խանգարում, որ շարունակի պաշտոնավարել. Բաղդասարյանը՝ Առուշանյանի մասին