Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N86 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
Սահմանել, որ՝
2026 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 250 տոննայից ոչ ավելի ծավալով, լիցենզիայի առկայության դեպքում։
Ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N904-Ն որոշմամբ։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի պահանջներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N86 որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի N86 որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ներմուծման քվոտայի բաշխումը։
Նշված բաշխումն իրականացվելու է ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N904-Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան։ Քանի որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ապա այն ճանաչվում է որպես լիազոր մարմին՝ Վիետնամից բրնձի ներմուծման լիցենզիաների տրամադրման մասով։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից և ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Տնտեսություն» բաժնի դրույթներից, որոնցով նախատեսվում է ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության խորացում և տնտեսական ինտեգրման գործընթացների խթանում։
Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։