Զինծառայողի մեդալը հանձնել է ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտը՝ շիրմաքարի մոտ, ծնողները հրաժարվել են իրենց տանն ընդունել նրան․ ՊԲ պարզաբանումը

Արցախի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի գրառմանը, որում նա նշել էր, թե իր քրոջ որդու՝ Ռոբերտ Կարապետյանի «Արիության մեդալը» բերել ու հորն է հանձնել տաքսու վարորդը։

ՊԲ պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

«Ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.

Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:

Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:

Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:

Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:

Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում