Երևանը, Գյումրին, Վանաձորն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր գոտում են

Երևանում ու մի շարք այլ քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը մտահոգիչ ցուցանիշի է հասել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

«Երևան քաղաքում ունենք և՛ շահագործվող հանքեր, և՛ ակտիվ շինարարություն է կատարվում: Մեր ամենամեծ խնդիրը փոշին է և օդի աղտոտվածության վատ վիճակը: Պարտադիր չէ սարքավորումներ տեղադրել, նոր հասկանալ, թե ինչ վիճակ է քաղաքում: Մարդիկ պատուհանը բացում են ու կարճ ժամանակ անց տունը կեղտոտ է, ավտոմեքենան ավելի հաճախ է կեղտոտվում և այդպես շարունակ: Սրանք կենցաղային պարզ ցուցիչներն են: Պատճառներից մեկը մայրաքաղաքում առկա շինարարական բումն է: Մի կողմից լավ է՝ ներդրումներ են, զբաղվածություն է, բայց մյուս կողմից շինարարների կողմից չեն պահպանվում արդեն իսկ ամրագրված պահանջները: Ասեմ, որ ոչ մի նոր նախագիծ, նոր փոփոխություն պետք չէ: Օրենքով սահմանված են անհրաժեշտ պահանջներն ու նորմերը, սակայն շինարարները դրանք չեն պահպանում»,-ասաց Գայանե Գաբրիելանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ իհարկե, այստեղ անելիք ունի համապատասխան տեսչական մարմինը, սակայն մեծ ռեսուրսներ են պետք, որ կարողանա բոլորին ամենօրյա վերահսկողության տակ պահել: Շատ կարևոր է, որ բիզնեսն ինքը պատասխանատվություն ունենա: Շինարարական նախագծով արդեն իսկ ամրագրված են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնց պարտավոր են հետևել կազմակերպությունները: Դա կլինի տարածքի ծածկապատում, շինհրապարակների լվացում և այլն: Գայանե Գաբրիելյանը հավաստիացրեց, որ եթե այդ բոլոր գործողությունները նախագծով պատշաճ նկարագրված չեն, այն փորձաքննության դրական եզրակացություն չի ստանում: Հետևաբար, եթե նախագծում դա կա, օրենքի պահանջները սահմանված են, ապա բիզնեսը պարտավոր է դրանց հետևել:

«Մենք տեսնում ենք, որ այդ ամենը չի պահպանվում, եթե պահպանվեր, օդն այսքան աղտոտված չէր լինի: Պետական մարմինները պետք է առավել ակտիվ աշխատեն, բայց առանց հանրության աջակցության հնարավոր չէ ցանկալի արդյունքի հասնել: Մեր քաղաքացիները, մեր բիզնեսը ևս անելիք ունեն»,-ասաց Գայանե Գաբրիելյանը:

Երևանից բացի, օդի աղտոտվածության տեսանկյունից մտահոգիչ պատկեր է նաև Գյումրիում, Վանաձորում: Այս երեք քաղաքներն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր գոտում են: Հիմնական խնդրահարույց ոլորտներն են շինարարությունը, հանքարդյունաբերությունը, աղբավայրերի բաց այրումը:

«Աղբավայրերի, աղբի բաց այրումն անթույլատրելի է: Դա լուրջ խնդիր է մարդու առողջության համար: Հաճախ են նման դեպքեր լինում, օրինակ, տերևաթափի ժամանակ տարածքները մաքրվում են ու աղբը այրվում է: Այստեղ իրազեկման լուրջ անելիք ունենք»,-ասաց նախարարի տեղակալն՝ ընդգծելով, որ շրջակա միջավայրի մաքրության, պահպանման գործում պատասխանատու պետք է լինի յուրաքանչյուրը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան