Երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Գյումրի է այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, ԱԺ պատգամավորների, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարների, Գյումրիում ՌԴ հյուպատոսի, մարզային և քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ և քաղաք այցելած հյուրերի հետ, ծաղիկներ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Մինչ այդ հոգեհանգստի կարգ է անցկացրել Շիրակի թեմի առաջնորդը։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրվա խորհրդին նշել է․ «Ժամանակի ընթացքում ամենատարբեր տեմպերով շինությունները, ճանապարհները վերանորոգվել են, դեռ կվերանորոգվեն հաստատ, բայց աղճատված ճակատագրերը վերականգնել չի լինի։ Դա շատերի համար կորցված մանկություն էր, ես վստահ եմ, որ հատկապես Գյումրիում որևէ ընտանիք չի մնացել հեռու այս աղետից և յուրաքանչյուրի ընտանիքում ողբերգություն կա։ Ցավոք, տարեգրությունը և ժամանակը չի ամոքում վերքերը, դա չսպիացող վերք է, որը մշտապես արնահոսում է»։
Երկրաշարժից մնացած գլխավոր խնդիրը մարզպետը համարել է տնակներում բնակվողների հիմնահարցը, ըստ մարզպետի, տնակում բնակվող ու անօթևանի կարգավիճակ չունեցող ընտանիքների խնդրի լուծմանն է կառավարությունը քայլ քայլ գնում․ « Տնակներում բնակվողների խնդրից զատ, կարևոր խնդիրը, որ կա վթարայիններն են, որին այսօր փորձում ենք լուծում տալ։ Այս տարի և Աշոցքի Կոճոռ թաղամասի մասով նախագծում ունենք և Գյումրու վթարային շենքերից Տիգրան Մեծ 5 շենքի մասով, պայմանավորվածություն կա քաղաքաշինության կոմիտեի հետ նաև մյուս շենքերի մասով լուծում տալ, առաջնահերթներից մնում է Անտառավան 26-ը, Ղուկասյան շենքը, որը նույնպես վատթար վիճակում է։ Բայց ես կարծում եմ, որ նախկին Լենինականի երբեմնի հմայքը վերականգնելու համար պետք է զարկ տալ տնտեսությանը և միայն տնտեսական ակտիվ հոսքերը կկարողանան քաղաքի հմայքը վերականգնել, այս առումով ևս ՀՀ կառավարությունը հստակ ծրագրեր ունի, որոնց իրականացման համար քայլեր են ձեռնարկվում»։
Նշենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս առավոտյան Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվել ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Related posts

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Տավուշի մարզպետի` Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո դեպի Ոսկեպար