Երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել հանդիպել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պատասխանում է ԶԼՄ ներկայացուցիչների և ՀԿ-ների հարցերին։ Անդրադառնալով Արևելյան գործընկերության նիստի շրջանակում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով։

«Ինչպես գիտեք, արտաքին գործերի նախարարներն այդ ֆորմատում արդեն հանդիպումներ ունեցել են։ Ակնկալում ենք և սպասում ենք, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում։ Մենք արդեն նախապես դրա մասին հայտարարել ենք, մեր պատրաստակամություն ենք արտահայտել։

Դեկտեմբերի 15-ի հանդիպումը, ըստ էության, նույնպես նորություն չէ, որովհետև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեռևս ամռանը տարածաշրջան կատարած իր այցի շրջանակում այդպիսի գաղափար էր առաջ քաշել, ասել էր, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է տեղի ունենալու դեկտեմբերի 15-ին, և ինքն այդպիսի գաղափար առաջադրեց, որ կազմակերպի հանդիպում իմ և Ադրբեջանի նախագահի միջև։

Ես այդ գաղափարը չեմ մերժել, ընդունել եմ, ասել եմ, որ դեկտեմբերը կմոտենա, ավելի կկոնկրետացնենք։ Հայտնի հանգամանքներում նա զանգ է ունեցել իմ և Ադրբեջանի նախագահի հետ, և մենք երկուստեք հաստատել ենք մասնակցությունն Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և, համապատասխանաբար, դրա շրջանակներում նաև պատրաստակամություն ենք արտահայտել հանդիպել»,- ասաց վարչապետը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում