Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները․ Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։

Ներկայացնելով նախագիծը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ մի օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, դրա թիրախները, նպատակները, ինստիտուցիոնալ գործիքակազմը, շահառուներին: Ներկայացված օրենսդրական փաթեթը, մասնավորապես՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, կգա լրացնելու այդ բացը:

Այս քաղաքականության նպատակն է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ և մրցունակ երիտասարդի ձևավորումը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունը ապահովելու երիտասարդի հնարավորությունները, այսպիսով կաջակցի նաև հանրային զարգացմանը»:

ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց՝ մարզերում արդեն իսկ գործում են Կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի գործակցությամբ ձևավորված 5 կենտրոններ՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում, Վանաձորում: Այս տարի դրանց թիվը կավելանա 4-ով, իսկ հաջորդ տարվա բյուջետային պլանում նախատեսված է ևս 6-ով ավելացում:

Ըստ նախարարի՝ այս կենտրոնները հասցեագրված են նաև որևէ տեղ չաշխատող և չսովորող երիտասարդներին, որոնք դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից և լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Որպես տարիքային շեմ՝ նշվում է 13-35 տարեկանը:

«Երիտասարդական քաղաքականության օրենքը և այս ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները թույլ են տալիս, որ մենք տարիքային այս խմբի հանդեպ ունենանք առանձնացված քաղաքականություն և կարողանանք սինքրոնացնել տարբեր ոլորտների մեր ծրագրերը, հասկանանք, թե դրանց համալիր արդյունքն ինչպիսին է»,- ասաց նա:

Երիտասարդական կենտրոնները, ըստ նախարարի, միջազգային ֆորմատ են, կա նաև նման երիտասարդական կենտրոնների եվրոպական ցանց: Այժմ աշխատանք է իրականացվում, որպեսզի որոշ կենտրոններ ունենան հավատարմագիր և դառնան այդ ցանցի անդամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի շահառուների թվին՝ առանձնացնելով 18-29 տարեկան տարիքային խմբում ընդգրկվածներին, և նշեց, որ խոսքը շուրջ 100 հազար չաշխատող և չսովորող երիտասարդների մասին է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բավականին դժվար գործ է լինելու այդ երիտասարդներին ներգրավելը և դարձնելը այդ հարթակի մասնակից: Այդ հարցի շուրջ պիտի մտածենք, իմ կարծիքով, որովհետև աշխատանք չունեցող և կրթություն չունեցող երիտասարդի համար ստեղծել հարթակ բավականին բարդ աշխատանք է, բայց վստահ եմ, որ հաջողություն կունենանք այդ մասով»:

Related posts

Անի համայնքում ընթանում է դպրոցաշինության 2 խոշոր ծրագիր

Կամրագրվի սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով ՍԷԿՏ համակարգի գործելու հանգամանքը

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել