Երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում կդառնա 500 հազար դրամ

Կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը՝ սահմանվելով 500 հազար դրամ:

Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Թորոսյանը ծնելիության խթանման ծրագրերից նշեց ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի համար նպաստի ծրագրի մասին:

«Ամենայն հավանականությամբ շուտով ԱԺ կուղարկենք օրենքի նախագիծ, որով 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ անապահովության համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմազավակ՝ 4  և ավելի, 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ:

«Օրենսդրական փաթեթում առաջարկելու ենք համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը, բոլորին դարձնել 500 հազար դրամ՝ առաջին և երկրորդ երեխաների 300 հազար դրամների փոխարեն»,-ասաց նախարարը:

Related posts

Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին