ԵԽ պատգամավորները Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքները։

«Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով»,- նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը հիշել էր իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։

«Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլաս Բեյը, քննադատել է Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ նշելով, որ արդեն 110 տարի Թուրքիան փորձում է բռնակցել հայկական հողերը։ Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ,  որպեսզի վերջինս ճանաչի իր անցյալի հանցագործությունները:

«Կանաչների» ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան արձանագրել է, որ ԵՄ-ն չի կարող շարունակել աչք փակել այն ժամանակ, երբ դա իրեն հարմար է․

«Եկեք աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը»,- հավելել է նա։

Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաև ԵՄ շարունակվող համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հատկապես գազային մատակարարումների և Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։

«Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ», – նշել է Մարի Տուսենը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է՝ այս անգամ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։

EAFJD կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել եվրոպացի այն պատգամավորներին, որոնք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միաժամանակ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը։

Կազմակերպության նախագահը ևս քննադատել է ԵՄ գործադիր իշխանությանը՝ «ցեղասպանություն» եզրը չկիրառելու և պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։ Նիստի ընթացքում եվրոպացի օրենսդիրները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի տնտեսական շահերից։

Related posts

Պատմության մեջ առաջին անգամ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները մեկ առաջնության ընթացքում լավագույնն են ճանաչվել. Արայիկ Հարությունյան

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

«Խաչակնքվում՝ նոր ենք անցնում»․ Գյումրու վթարավտանգ ճանապարհահատվածի մասին