Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին

Ազգային ժողովի՝ օգոստոսի 19-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, դիմելով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին, նախ հիշեցրեց, որ 2025-ի մարտին ընդունվել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին միանալու մտադրությունների մասին օրենք, որով եվրաինտեգրման օրակարգում նոր սանդղակ է սահմանվել, ապա հարցրեց՝ Արեգա Հովսեփյանը և նրա ներկայացրած քաղաքական ուժը կիսո՞ւմ են այս օրակարգը, և եթե լիներ հանրաքվե, թեկնածուի ներկայացրած քաղաքական ուժը կողմ կլիներ ԵՄ-ի՞ն միանալուն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն:

Արեգա Հովսեփյանը պատասխանեց՝ բոլոր օրենքները պարտադիր իրականացման են, բայց երբ կարդում է օրենքը, որոշակի հարցեր են ծագում, թե ինչ է թույլատրվում անել, ինչ չի թույլատրվում անել, ինչ գործիքակազմ պիտի կիրառվի այդ օրենքն իրականացնելու համար:

«Մենք եվրաինտեգրման քաղաքականությանը միանշանակ կողմ ենք: Մենք կողմ ենք նրան, որ Եվրոպական միությունը տրամադրում է այնպիսի լուրջ գործիքակազմ, որով մենք կարող ենք արդիականացնել Հայաստանի բազմաթիվ ոլորտներ: Բայց նաև դեմ ենք կեղծ օրակարգերին, հատկապես որ ձեր գործադիրի ղեկավարն է հայտարարում, որ նման այլընտրանք չկա: Հիմա դուք հարց եք տալիս ի՞նձ, այնպիսի հարց, որը գոյություն չունի»,- ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը ասաց, որ  ուզում է կոնկրետ լսել՝ եթե այսօր լիներ հանրաքվե՝ Հայաստանը միանում է ԵՄ-ին, Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, ինչպես կդիրքավորվեն Արեգա Հովսեփյանը և իր ներկայացրած քաղաքական ուժը:

«Ինձ համար անձնապես այս հարցի պատասխանը անկյունաքարային նշանակություն ունի ձեզ ընտրելու համար, որովհետև մենք սահմանել ենք կոնկրետ սանդղակ ԵՄ-ի ինտեգրման համատեքստում, և եթե եկել եք այդ սանդղակը իջեցնելու այդ պաշտոնում, ինձ համար շատ հստակ է որոշումը: Ես ուզոմ եմ ձեզնից կոնկրետ լսել, որ դուք կողմ եք այդ այլընտրանքի պարագայում միանալու ԵՄ-ին»,- ասաց նա:

Արեգա Հովսեփյանը պատասխանեց. «Խնդրում եմ՝ տրամադրեք ինձ համապատասխան տնտեսական, ֆինանսական, անվտանգային, իրավական բոլոր վերլուծությունները, որոնց հիմքում կա ՀՀ շահը, հանձնաժողովում նստենք, քննարկենք, և եթե դա իսկապես բխում է Հայաստանի շահերից, մենք, կարծում եմ, տարաձայնություն չենք ունենա այս հարցում: Տվեք ինձ բոլոր վերլուծությունները, որոնց հիման վրա մենք կարող ենք գալ այդ հարցի պատասխանին: Այդ վերլուծություններն այսօր առկա չեն: Այս հարցը միայն մեկ հանձնաժողովի որոշելիք հարցը չէ:

Բարձր հայտարարում եմ՝ մենք կողմ ենք եվրաինտեգրմանը: Ավելի բարձր սանդղակին ենք կողմ, բայց եթե խոսքը օրենքի, հանրաքվեի մասին է, մենք կողմ ենք որոշակիությանը»:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել