Դատական համակարգի բարեփոխումները Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Կուրցիոյի այցը Հայաստան և հույս հայտնել, որ Հայաստանի և Իտալիայի Վճռաբեկ դատարանների միջև փոխգործակցությունը կզարգանա, ու կիրականացվի փորձի արդյունավետ փոխանակում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները ՀՀ Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն են, և հավելել, որ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների շարքում Հայաստանը դատական համակարգի անկախության մակարդակով բացարձակ առաջատար է: Վարչապետը ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու առումով շեշտել է ԵՄ գործընկերների հետ հետևողական և սերտ համագործակցության կարևորությունը:

Պիետրո Կուրցիոն վստահություն է հայտնել, որ Հայաստանի Վճռաբեկ դատարանի հետ քննարկումները կլինեն արդյունավետ, որոնք կնպաստեն ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, բարեփոխումների իրականացման գործընթացում համագործակցությանը: Նա նշել է, որ Հայաստանի և Իտալիայի Բարձրագույն դատական խորհուրդների միջև առաջիկայում ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրը ևս նոր ազդակ կհաղորդի փոխգործակցության ընդլայնմանը:

Վարչապետը դատական համակարգի անկախության ապահովումը համարել է ժողովրդավարության համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներից մեկը:

Նիկոլ Փաշինյանն անկախ դատական համակարգ ունենալու առումով կարևորել է քաղաքական կամքը, օրենսդրության հետևողական բարելավումն ու դատավորների սոցիալական երաշխիքների ամուր և հուսալի համակարգի ներդրումը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական է վերջիններիս ապահովման գործում:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից