Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ տեղեկացնելով, որ կառավարող խմբակցությունը օրենքի նախագծի փոփոխությունն արդեն շրջանառության մեջ է դրել, և առաջիկա օրերին ԱԺ արտահերթ նիստում մանրամասն կքննարկվի:

Գևորգ Պապոյանը գործընթացը չի համարել մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ, նա անթույլատրելի է համարել, երբ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով խաթարվում է գործարանների աշխատանքը:

«Կառավարման մեջ, քանի որ մենք արդեն խնդիրներ ենք արձանագրում, երբ խոշոր գործարարը մեծ ներդրում էր արել, և իմ իմանալով՝ մի քանի 100 հազար դոլարի միջոցառում էր կազմակերպել …..էդ մարդը կորցրեց էդ գումարը, որովհետև էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, երբ պիտի բացումը տեղի ունենար: Մեկ ուրիշ դեպք երեկ գործարարից եմ ստացել, որը նոր տեխնոլոգիաներ է գնել, և այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար ՀԷՑ-ի անջատումների հետևանքով փչացել են: Ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրը հինգ անգամ կարող է լույսը անջատվել»,- ասել է Պապոյանը՝ հավելելով, որ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր ներդրումներ էն արել, որոնք առոչինչ են դառնում:

Ավելի վաղ վարչապետը նշել էր, որ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված, տեղեկացրել, որ երեկ մասնակցել է հիպերմարկետի բացման արարողությանը, որի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատում է եղել: Դա, ըստ վարչապետի, կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր:

«Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց նա:

Վարչապետի խոսքերով՝ Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները:

Հիշեցնենք՝ վարչապետը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Կառավարության անդամներին տվել էր հանձնարարական, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի:

«ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել: Հիմա նաև վերլուծությունը հիմք է տալիս մտածելու (առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից), որ այդ ամեն ինչը արվել է և արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար:

Բայց ես տվել էի հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կա՛մ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու հստակ մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի»,- ասել էր Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա, ըստ Փաշինյանի, այս հարցով ամենաարագ և արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է, և որ այժմ մասնագետներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում են ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելու հարցը:

Related posts

Կառավարությունը լրացուցիչ 300 մլն դրամ կտրամադրի շուրջ 410 ընտանիքի հիփոթեքի մայր գումարը նվազեցնելու համար

Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն այն է, որ գոյություն ունեցող բոլոր հին դպրոցների փոխարեն ունենանք նորերը. Փաշինյան