Գնահատման և թեստավորման կենտրոնի գլխավոր մասնագետին կաշառք տալու գործն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. միասնական քննությունների մասնակցի մայրը՝ Երևանի 49-ամյա բնակչուհին, նախկին ամուսնու օժանդակությամբ, 2021թ, հուլիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին առանձնապես խոշոր չափերի՝ 1.487.520 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՍՆ դոլար կաշառք է տվել՝ անգլերեն լեզվի քննությունից առաջ վերջինիս կողմից մշակված թեստերի պատասխանները նախապես դստերը տրամադրելու և դրա արդյունքում քննությանը բարձր գնահատական ապահովելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը), իսկ նրա նախկին ամուսնուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցություն առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Related posts

Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով

Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում