Գյումրիում կնոջ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ամուսինը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել կնոջ կրծքավանդակին և որովայնին, այնուհետև՝ դիմել փախուստի:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հանձնաժողովի որևէ անդամ ձայնազուրկ չէ և իրավունք ունի արտահայտել իր կարծիքը. ՀՌՀ նախագահ

Նախորդ շաբաթվա ընթացքում ՓԾ կենտրոնում գրանցվել է 424 դեպք, տուժել է 60, զոհվել՝ 7 մարդ

Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ