2021 թվականից առ այսօր Հակակոռոպուպցիոն դատարանի վարույթում քննվող շուրջ 150 հայցադիմում կա տարբեր պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց վերաբերյալ: Այս հայցադիմումների շրջանակում դատարանը արգելանք է դրել 1496 անշարժ գույքի վրա, 288 շարժական գույքի վրա, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի վրա և դրամական միջոցներից՝ 536 մլրդ 190 մլն 782 հազար դրամի վրա: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով, թե դատարանը գույքային և դրամական ինչ պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին:
Դատախազը նշեց, որ կարող է ներկայացնել միայն ընդհանուր թիվը, որը ներկայացված է դատարաններում հայցադիմումների շրջանակներում:
«Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանց մասնակցության արգելքը դեռևս գնահատման փուլում է, ինչը նշանակում է՝ թիվը դեռ կփոխվի, իսկ 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 մլրդ 505 մլն 330 հազար դրամ է:
Սա ընդհանուր հայցագինն է, որը միայն ապօրինի գույքի բռնագանձման վարույթների շրջանակում գտնվում է դատարանում, սա չի ներառում ուսումնասիրությունները, որոնք գաղտնիության ռեժիմով են իրականացվում, և դրանց հրապարակումը քրեորեն պատժելի է»,- ասաց նա: