Գերմանիան չափազանց զգուշավոր է Ուկրաինային աջակցելու հարցում. Զելենսկի

Եվրամիության անդամ երկրներից մեկի կառավարության ղեկավարը խնդրել է ապացույցներ տրամադրել, որ Բուչայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները բեմադրված չէին։ Այդ մասին գերմանական Bild պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով, որ խոսքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին չէ։

Ուկրաինայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ մի շարք երկրներ և, հատկապես Գերմանիան, դանդաղեցնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու գործընթացը և դեմ են արտահայտվում ռուսական նավթի ու գազի էմբարգոյին:

«Գերմանիան չափազանց զգուշավոր է Ուկրաինային աջակցելու հարցում։ Նրանք մեզ զենք չէին տրամադրում, բացահայտ հայտարարում էին, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնա: Բեռլինի հռետորաբանությունը, սակայն, փոխվել է»,- պարզաբանել է Զելենսկին:

Նա նշել է նաև, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցելուց բացի այլ ելք չունի՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի հետ բանակցությունները կշարունակվեն։

Հնդկական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում էլ նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու և քննարկելու ցանկացած թեմա, բայց միայն Վլադիմիր Պուտինի հետ։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են