Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գ․Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։
Պարտապանին նաև պարտավորեցվել է չկատարել որևէ գործողություն՝ հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։
Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․Ծ․-ին պատկանող՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։