Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը՝ գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
ՀՕՀ վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել և հետազոտվել են իրացման վերաբերյալ տվյալները: Միաժամանակ ուսումնասիրվել են նաև վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ։

Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման արատավոր վարքագծից և չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում