Բարձր եմ գնահատում Ձեր ավանդը՝ միտված տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը․ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Լիահույս եմ, որ հայ-չեխական հարաբերությունների համար այս կարևոր տարեդարձը հիմք կհանդիսանա զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունն ու համերաշխությունը: Վերհիշելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր առաջին հանդիպումը` հուսով եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում կամ այցելել Պրահա՝ քննարկելու ինչպես հայ-չեխական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, այնպես էլ շարունակելու Եվրոպայում կայունության և անվտանգության պահպանման և Հայաստանի եվրոպական նկրտումների մասին երկխոսությունը:

Բարձր եմ գնահատում ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահության շրջանակներում Ձեր ավանդը, որը միտված էր տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը: Վստահ եմ, որ մեր կառավարությունները կգործադրեն բոլոր ջանքերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման համար:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և բարեկամ չեխ ժողովրդին խաղաղություն, հաջողություն և բարգավաճում բոլորիս համար այս դժվարին ժամանակաշրջանում»,-նշված է ուղերձում:

Related posts

«Երիտասարդ եվրոպական դեսպանները» ՀՀ նախագահին են ներկայացրել եվրոպական արժեքների տարածման իրենց ծրագրերը

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. Փաշինյան

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենա