Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանը հյուսիսից հարավ սահմանազատելու աշխատանքներ իրականացնելու մասին։

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։

Բայրամովը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմից պետական սահմանազատման հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

«Ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ։ Հանձնաժողովը ղեկավարում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանձնաժողովների հանդիպումներն ու քննարկումները պարբերաբար անցկացվում են։ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես ղեկավարում է փոխվարչապետը»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև մի շարք հանդիպումներ են անցկացվել, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

«Պայմանավորվածություն կա այն հարցում, թե որ ուղղությունից պետք է սկսվի և այնուհետև շարունակվի մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ՝ հյուսիսային հատվածից»,-հայտարարել է Բայրամովը:

Նա հավելել է, որ ավելի կոնկրետ մանրամասները կքննարկվեն անհրաժեշտության դեպքում և համապատասխան ժամանակին, բնակավայրերին առնչվող հարցերը քննարկումների արդյունքում կլուծվեն։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից