Արշակ Կարապետյանը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։

Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։

Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ արվելու է առավելագույնը, որպեսզի հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը։ Արշակ Կարապետյանը նաև վստահեցրել է, որ կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ հավաքների հետ կապված, մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար։

Պաշտպանության նախարարը եղել է դաշտային ճաշարանում և ստուգել սննդի որակը՝ անձամբ համտեսելով մատուցվող ճաշատեսակները։ Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։

Այնուհետև Արշակ Կարապետյանն այցելել է նորաստեղծ Հատուկ զորամիավորում, որի ղեկավար կազմին և ենթակա զորամասերի ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գեներալ-մայոր Բուդաղյանի ավանդը բանակաշինության և Հայրենիքի պաշտպանության գործում և ընդգծել, որ զորամիավորման անձնակազմը պետք է մշտապես պատրաստ լինի իր առջև դրված խնդիրների կատարմանը։

Արշակ Կարապետյանը հրամանատարական կազմին հորդորել է անել առավելագույնը՝ եռամսյա հավաքների շրջանակում ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների վերապատրաստումն առավել արդյունավետ անցկացնելու համար։

Աշխատանքային շրջայցի ավարտին նախարար Կարապետյանը եղել է եռամսյա հավաքների անցկացման շրջաններից ևս մեկում, հանդիպել պահեստազորայիններին և ծանոթացել նրանց համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նախարարը հավաստել է, որ իր այցերը պարբերական են լինելու, իսկ հավաքների անցկացման հետ կապված խնդիրները գտնվում են իր անմիջական հսկողության ներքո։

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ Հայրենիքի պաշտպանության գործին ոչ թե խոսքով, այլ գործով մասնակցելու համար։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից