Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր

Սեպտեմբերի 7-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև ընդլայնվող համագործակցության հարցեր, ինչն արտահայտվում է թե՛ վերջին շրջանի բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայով, թե՛ հետևողականորեն զարգացող օրակարգով:

Արարատ Միրզոյանը և Էդգարս Ռինկևիչսը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կոնկրետ հնարավորությունների շուրջ՝ առանձնահատուկ շեշտադրելով առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության մեծացման մեխանիզմներին։

Հանգամանալից քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության օրակարգը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղմանը։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ընթացիկ տարվա մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող անցկացումը Երևանում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը Լատվիայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում բացված տնտեսական, փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Լատվիայի փոխգործակցությանը, այդ թվում՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում:

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային՝ Հորմուզի նեղուց զորք ուղարկելու հետևանքների մասին