Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ

Հուլիսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Հանդիպմանը կիպրական կողմից ներկա է եղել նաև Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնող Վարդգես Մահտեսյանը։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամական կապերի և համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու փոխադարձ պատրաստակամության վրա: Ընդգծվել է, որ երկու մայրաքաղաքներում ռեզիդենտ դեսպանությունների առաջիկա ամիսներին բացումը, ինչպես նաև միջխորհրդարանական պարբերական շփումները լրացուցիչ խթան կհաղորդեն երկկողմ օրակարգին։

Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, գրանցված ձեռքբերումներին և ԵՄ անդամ երկրների աջակցությանն այդ ճանապարհին։ ԱԳ նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև հավակնոտ գործընկերության հետագա խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ քաղաքացիները հիրավի ունեն եվրոպական ձգտումներ, և ԵՄ հետ համատեղ մենք աշխատում ենք առկա գործիքակազմի միջոցով մեր համագործակցությունը խորացնելու և շոշափելի արդյունքներ արձանագրելու համար։» Տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի տեսլականը: Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու առհավատչյան:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար