Ավանեսյանը հուսով է, որ մինչև Covid-ի հաջորդ ալիքը ՀՀ-ն կազմակերպած կլինի պատվաստումների գործընթացը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուսով է, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը վերջինն է, և մինչև հաջորդ ալիքը երկիրը կազմակերպած կլինի պատվաստման գործընթացը և ավելի լավ պատրաստված: Նախարարն այս մասին ասաց  «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը:

Ավանեսյանը խոսեց Հայաստանում համաճարակային իրավիճակից: «Մենք այսօր Հայաստանում խոսում ենք համավարակի երրորդ ալիքի մասին, ունենք ավելացող թվեր: Հուսով եմ, որ սա վերջին ալիքն է, և մինչև հաջորդ ալիքը մենք կկարողանանք կազմակերպել պատվաստման գործընթացը և ըստ էության ավելի լավ պատրաստված կլինենք գալիք շրջանին: Կուզենայի պարզապես շեշտել սահուն և արագ պատվաստման գործընթացի կարևորությունը՝ հատկապես զարգացող երկրներում, ինչպես Հայաստանն է: Այդ երկրներն անում են հնարավոր ամեն ինչ, աշխատում են բոլոր մակարդակներում, որպեսզի կարողանան բնակչության համար ապահովել պատվաստումը»,-ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ Covax հարթակի միջոցով Հայաստան է ժամանել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը: «Գալիք 2-3 օրերի ընթացքում մենք պատրաստ կլինենք շատ ավելի  մասշտաբային պատվաստումների: Մինչև դա ունեցել ենք ռուսական Սպուտնիկ V-ի խմբաքանակ: Ունենք նաև այլ ակնկալիքներ ևս»,-նշեց նա:

Ավանեսյանը վստահեցրեց, որ պետությունը պատվաստումը համարում է որպես այս մարտահրավերը հաղթահարելու հիմնական միջոց: Նախարարը նկատեց, որ վախը և այս իրավիճակից հոգնածությունն ակնհայտ է դառնում, մարդիկ հոգնել են մեկուսացումից, դիմակներից և բոլոր պահանջներից: «Եվ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ կարողանանք ներկրել հնարավորինս մեծ քանակով պատվաստանյութ և ապահովել բնակչության հնարավորինս մեծ ծածկույթ՝ որակյալ պատվաստանյութով»,-ասաց նա:

Ավանեսյանը խոսեց նաև հակավակցինացիոն շարժման մասին, որը վերաբերելու է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ աշխարհին: Նա սա լուրջ մարտահրավեր համարեց առողջապահության ոլորտի մասնագետների համար: «Մենք փորձում ենք ուժեղացնել մեր քարոզարշավները, իրականացնել իրազեկման աշխատանքներ, ներկայացնել ստուգված փաստեր, որպեսզի չունենանք իրավիճակ, որ ունենանք պատվաստանյութ, բայց չունենանք բնակչություն, որը չի ցանկանում պատվաստվել»,-նշեց նախարարը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան