Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ա. Հ.-ն օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն:

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, պարզվել է, որ Ա. Հ.-ն օժանդակել է կաշառքի դիմաց նշված անձանց կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի շուրջ 300 արկղ ծխախոտն առանց հայտարարագրման, դրանք 8 տոննա երեսպատման սալիկների քողի տակ մաքսային հսկողության շրջանցմամբ արտահանելու գործընթացին:

Հիշյալ ապրանքներն ապօրինի ճանապարհով արտահանելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար Ա. Հ.-ն ՊԵԿ մեկ այլ պաշտոնյայի փոխանցելու նպատակով վերը նշված անձանցից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.100.350 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 1.626.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստացել է 2022թ. հուլիսին: Ըստ պայմանավորվածության՝ առանց ակցիզային դրոշմանիշերի, մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտով բեռնված բեռնատարը 2022թ. օգոստոսի 14-ին պետք է հատեր ՀՀ մաքսային սահմանը, սակայն հանցավորների կամքից անկախ հանգամանքներով նշված տրանսպորտային միջոցը չի հատել այն: Հետագայում՝ 2022թ. օգոստոսի 30-ին, Բագրատաշենի մաքսակետում, հիշյալ բեռնատարը ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ենթարկվել է զննման, որի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 199.000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:

2022 թվականի նոյեմբերի 8-ին Գ. Դ.-ին, Ս. Դ.-ին և Գ. Դ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշումներ են կայացվել հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար նրանց դատարան ներկայացնելու նպատակով վերջիններիս ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի