Աջափնյակում արձակված կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են լսվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Պարզվել է, որ կան դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք՝ տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։
Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։
Աջափնյակում տեղի ունեցած դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
«Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Մեկ քաղաքացի մահացել է»,- նշել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել