Հայաստանը հանձնառու է կենսաբազմազանության պահպանման գլոբալ նպատակներին. նախարարի ելույթը Հռոմում

Այսօր Հռոմում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի  SBI-6-ի շրջանակում ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի  և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ մասնակցեցի «Ագրոսննդային համակարգերը գործողության մեջ հանուն բնության» խորագրով հատուկ բարձր մակարդակի միջոցառմանը  և հանդես եկա բացման խոսքով, հայտնում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Ընդգծեցի, որ մենք կարևոր փուլում ենք․ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-ը Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 2030 թիրախներին հասնելու ճանապարհի կեսն է, և այժմ մեր պարտավորությունները պետք է վերածենք չափելի արդյունքների՝ ի շահ բնության ու մարդկանց։
Նշեցի, որ սննդային անվտանգությունը, հողերի դեգրադացիան, կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը փոխկապակցված են․ կենսաբազմազանության պահպանումը ոչ թե հակադրվում, այլ հիմք է դառնում սննդային անվտանգության համար՝ ուժեղացնելով դիմակայունությունը և ապահովելով կայուն արտադրություն։
Կարևորեցի միջոլորտային համագործակցությունը և ներառական մոտեցումը՝ գյուղատնտեսների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության ընդգրկումը ազգային ռազմավարություններում՝ կայուն հողօգտագործման, ագրոէկոլոգիայի, գենետիկական ռեսուրսների պահպանման և վնասակար սուբսիդիաների նվազեցման ուղղություններով։
Հայաստանը COP17-ին կմոտենա «Գործողություն հանուն բնության» սկզբունքով՝ գիտության վրա հիմնված մոնիթորինգով, քաղաքականության համադրմամբ և կայուն ներդրումներով, որպեսզի տրված խոստումները վերածվեն իրական բարեփոխումների»,-նշել է նա։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել