Աննա Հակոբյանը մասնակցել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»

 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Իրանի Իսլամական հանրապետությունում մասնակցել են «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Հունվարի 20-ին անցկացվող ֆորումի առաջին հատվածում Թեհրանում գտնվող առաջին տիկինները հանդես են եկել ելույթներով և քննարկել համագումարի ավարտին հուշագիր կնքելու մանրամասները:

Աննա Հակոբյանը ևս ելույթով է հանդես եկել, գործընկերներին ներկայացրել է Հայաստանում կանանց ներգրավվածությանը մակարդակը` քաղաքական ոլորտից մինչև առողջապահություն, կրթություն և անգամ Զինված ուժեր:

Վարչապետի տիկինը ներկաներին վստահեցրել է, որ այսօրինակ միջոցառումներն ավելի են կարևորվում ժամանակակից աշխարհում, որտեղ մեծապես արժևորվում է կնոջ դերը: Նման համագումարները նպաստում են նաև տարբեր գործունեություն ծավալող կանանց հավաքվել, քննարկել, լուծումներ գտնել:

Աննա Հակոբյանը գործընկերներին է ներկայացրել նաև խաղաղություն հաստատելու նպատակով իր ստեղծած «Կանայք հանուն արդարության» նախաձեռնությունը, որի նպատակն է պայքարել պատերազմների դեմ, միավորել և բարձր հնչեցնել կանանց ձայնը:

Նախաձեռնությանը խանգարեց Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը: Ներկայացնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները` 44-օրյա պատերազմից մինչև Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիա, պահվող գերիներ, անհետ կորածներ, չդադարող հարձակումներ, հերոսների պղծված մարմիններ, հողին չհանձնված նահատակներ, վարչապետի տիկինը ներկաների ուշադրությունը հրավիրել է վերջին օրինախախտմանը՝ ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհի փակմանը՝ 120 000 հայի զրկելով առողջապահական, կրթական և անհրաժեշտ կենսական տարրական պայմաններից: Մեկ ամսից ավելի է՝ երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից` իր խոսքում ընդգծել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջ խոսքով՝ այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Իսկ այս ամենը կանխելու համար, ըստ վարչապետի տիկնոջ, անհրաժեշտ է ամբողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը:

Աննա Հակոբյանը ներկաների և աշխարհի բոլոր կանանց առաջարկել է միանալ խաղաղություն հաստատելու արշավին և միասնականության կոչ արել:

Ելույթի ավարտին Աննա Հակոբյանը ողջունել է նախատեսվող հուշագրի կնքման ու ասոցիացիա կազմելու նախաձեռնությունը, հույս հայտնել, որ փաստաթուղթը շուտով սեղանին կլինի և դետալային քննարկման հնարավորություն կտա բոլորին:

Համագումարի առաջին մասում ելույթ են ունեցել մասնակից բոլոր առաջին տիկիններն ու բարձրաստիճան կին պաշտոնյաները, այդ թվում նաև համագումարի նախաձեռնող կողմը՝ ի դեմս ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի: Իրանի առաջին տիկինն իր խոսքում ընդգծել է, որ համագումարի և կանանց նպատակը տղամարդկանց հետ մրցակցելը չէ, այլ գործակցելը: Նրա խոսքով՝ ի վերջո, այդ գործակցության արդյունքում է կայանում «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը»:

Դոկտոր Ալամոլհոդան նշել է, որ իրենց նպատակը խտրականության դեմ պայքարն է, իսկ գլխավոր ցանկությունը աշխարհում արդարության, խաղաղության, բարեկամության և բարոյականաության հաստատումն է:

Համագումարի առաջին հատվածից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է նաև Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահ։ Այս օրերին այնտեղ ներկայացված են բացառապես կանանց ներգրավվածությամբ պատրաստված ապրանքատեսակներ։ Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով, որտեղ յուրաքանչյուր վաճառող անհատական ներկայացրել է իր արտադրանքը։ Իրանցի կանանց ձեռքբերումների ցուցահանդեսում ներկայացված են գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական արտադրանքներ, սնունդ և այլ սարքավորումներ։

Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում պատասխանել է նաև իրանական ԶԼՄ-ների հարցերին և հայտնել ցուցահանդեսից ստացած իր տպավորությունների մասին։

Related posts

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

Բնում խեղդելու ենք ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ. Արթուր Հովհաննիսյան