Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրան կարևոր հանձնառությունն ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Անահիտ Մանասյանը կարևորել է ՄԻՊ հաստատության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համագործակցությունը՝ երեխաների իրավունքներին առնչվող առանցքային հարցերի հասցեավորման տեսանկյունից։

Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ հաստատության համար հանդիսանում է կարևոր առաջնահերթություն՝ նշելով, որ երեխաների իրավունքները երբևէ չեն կարող դիտարկվել որպես երկրորդական` իրավունքների այլ ոլորտների համեմատությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև հանրային ընկալումների փոփոխության անհրաժեշտությունը՝ այս գործընթացում ընդգծելով նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի առանցքային դերակատարությունը։

Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցության կարևոր արդյունքներից մեկին՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը՝ այն գնահատելով որպես երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասնակցության ապահովման և ոլորտային խնդիրների արդյունավետ հասցեավորման լավագույն փորձերից մեկը։

Իր հերթին Ղասան Խալիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը երեխաների իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունների, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ