Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը. Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդը

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ կունենա 8-րդ համարի ներքո:

«Անչափ ուրախ եմ, որ երկամյա դադարից հետո կարողացա պատվով ներկայացնել Հայաստանն ու անցնել եզրափակիչ: Ես բազմիցս նշել եմ, որ թեև SNAP-ն իմ անձնական պատմությունն է, սակայն այդ հուզական իրավիճակը կարող է հոգեհարազատ լինել բոլորին: Եվ փաստորեն, եվրոպացի հանդիսատեսը հավատաց ինձ և իմ պատմությանը: Շնորհակալ եմ բոլորին, որ քվեարկել են իմ օգտին: Անելու եմ առավելագույնը, որ եզրափակչում ևս տպավորիչ ելույթ ունենամ»,- նշում է Ռոզան։

Եզրափակչում Ռոզա Լինից զատ հանդես կգան ևս 24 երկրի պատվիրակներ, սակայն քվեարկել կարող են մասնակից բոլոր 40 երկրներից։

Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ և 08 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված հատուկ կարճ հեռախոսահամարին։

Հեռուստադիտողների քվեարկությանը գումարվում են պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները` 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը:

Հայաստանից քվեարկության արդյունքները հայտնելու է Գարիկ Պապոյանը:

Մրցույթին հետևեք Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ ժամը 23։00-ին։

SNAP երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։

 

 

 

 

Related posts

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները

Կլինեն հոսանքազրկումներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ