Այստեղ չունենք փոխըմբռնում. Միրզոյանը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին

Մենք պատրաստ ենք օր առաջ, հենց այս պահին սկսել խորհրդակցությունները ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ և երբ լինի պայմանագրի ստորագրումը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հուսով եմ, որ առաջիկայում պրոցեսներն այնպես կգնան, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման քայլը՝ ստորագրումը և հետագայում վավերացումը, նույնպես կանենք: Բայց նաև ուզում եմ չհանգեցնենք միայն դրան. բազմաթիվ կոմպոնենտներ կան, հարցեր կան, ուղղություններ կամ աշխատանքներ՝ սկսած սահմանազատումից, վերջացրած հումանիտար հարցերով, գերիներով: Աշխատանք շատ կա՝ անկախ բուն ստորագրումից»,- նշեց նախարարը:

«Մի կոմպոնենտ էլ եմ ուզում ասել. մենք մշտապես կարևորել ենք խաղաղության պայմանագրի ստորագրումը այն ընկալումով, որ դա կարևոր է, նաև այն ընկալումով, որ դրանով հաստատվելու է խաղաղություն: Հիմա այն պայմաններում և այն հնչեղությամբ, որ տեղի ունեցավ նախաստորագրումը` ուղեկցվելով հռչակագրով, որ երկրների առաջնորդները ստորագրեցին, և նաև մոլորակի գրեթե բոլոր պետությունների, միջազգային կառույցների կողմից ողջունելը և նաև հենց երկրների ղեկավարների կողմից ստորագրումից հետո մեդիայի հետ շփման ընթացքում և հետո էլ մինչ օրս հնչող հայտարարությունները անընդհատ հավաստում են, որ խաղաղությունը հաստատված է: Անընդհատ երկրների ղեկավարները վերահաստատում են իրենց հանձնառությունը` պահել և զարգացնել խաղաղությունը: Այս առումով այն կարևոր հանգրվանը, որը մենք ուզում ենք՝ խաղաղություն հաստատում, ստորագրությամբ տեղի է ունեցել:

Գուցե մի քիչ չափազանցություն լինի, բայց կարծիք կա, որ սրա ֆոնին և դրա պայմաններում ստորագրումը գործընթացի ավելի շատ տեխնիկական շարունակություն է և ինստիտուցիոնալացում»,- ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ այն սկսվել է շատ ավելի շուտ. «12 կմ և ավելի եղել է, կա ընկալում՝ ոնց է շարունակվում: Ենթակառուցվածքների մասով` հենց էսօր մենք աշխատում ենք ամերիկյան կողմի հետ՝ TRIPP-ի իրականացման շուրջ: Երբ պատրաստ կլինեն իրավապայմանագրային կոմպոնենտները, մենք կսկսենք  շինարարությունը: Սրանք պրոցեսներ են, որ զուգահեռ են ընթանում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, կան բաներ, որտեղ իրար հետ չեն կարողանում համաձայնել: «Իրենք կարծում են, որ մենք պետք է Սահմանադրությունը փոխենք, որից հետո ստորագրեն, մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրության մեջ խնդիր չկա: Նույն հավակնությունը կարող ենք ներկայացնել իրենց սահմանադրությանը: Այստեղ չունենք փոխըմբռնում»:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից