Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է. Փաշինյան

Գերիների վերադարձի հետ կապված ես նոր բան չունեմ ասելու, որովհետև այն գործիքակազմերը, որոնք նախկինում մենք կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել և ապագայում էլ պետք է կիրառենք: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ գերիների վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով զիջումների գնալու հետ կապված մտահոգություններին՝ Փաշինյանը նշեց. «Ես ուզում եմ կրկին ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթ մի նախադասություն, որը վերաբերում է կամ պարտավորություն է առաջացնում ՀՀ-ի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար: Այդպիսի որևէ բառ, նախադասություն, բառակապակցություն պարզապես գոյություն չունի: Ես կարծում եմ, որ մենք ունենք մի շատ կարևոր խնդիր: Մենք, ընդհանուր առմամբ, պետք է ավելի լավ ճանաչենք այն աշխարհը, որում ապրում ենք, այն կանոնները, որոնք գործում են այդ աշխարհում, այն միջավայրը, որում մենք գործում ենք»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում եղած հայցերը հետ վերցնելուն, վարչապետն ասաց. «Հայցերի հետ վերցնելու պահը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց և այն վավերացնելուց հետո: Հայցերը հետ վերցնելը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, վերաբերում է նաև Ադրբեջանին: Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է թուլանալու, այնքան թուլանալու է Ադրբեջանը: Սա ֆունդամենտալ արձանագրումն է»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ ավելի ֆունդամենտալ մի հարց կա: «Հետևյալն է, որ մենք՝ ՀՀ-ն, Հայաստանի ժողովուրդն ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել: Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումից հետո, որ նախկինում արել եմ հենց այս ամբիոնից Կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին: Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել. ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Ես ուզում եմ ասել՝ այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է: Ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի»,- նշեց նա:

Related posts

Աստծո առաջ, աշխարհի հետևում. սկսվել է Հռոմի նոր պապի ընտրությունը

Մայիսի 9-ը հավասարապես նաև մեր հաղթանակն է. ԱԺ փոխնախագահը՝ վարչապետի՝ ՌԴ այցի մասին

Առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները