ԱՄՆ կոնգրեսականը հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչ է արել

Սումգայիթում և Բաքվում էթնիկ հողի վրա հայերի դեմ իրականացված կոտորածներն Ադրբեջանի իշխանությունների երկարամյա հակահայկական քարոզչության հետևանքն էին, որոնք հետագա տարիներին հայերի դեմ զանգվածային բռնությունների հիմք դարձան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Սումգայիթի և Բաքվի ջարդերի տարելիցների առնչությամբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները ջանք չգործադրեցին պատժելու պատասխանատուներին, փոխարենը փորձեցին կոծկել կոտորածներն ու հերքել այս հարձակումները հրահրելու գործում կառավարության ունեցած դերակատարումը»,- նշել է Շիֆը:

Նա ցավով է արձանագրել, որ վերոնշյալ դեպքերից շուրջ երեք տասնամյակ անց պատմությունը կրկնվեց, երբ ադրբեջանական ուժերը հերթական անգամ թիրախավորեցին ու կոտորեցին Լեռնային Ղարաբաղի անմեղ հայ բնակչությանը:

«Այսօր շարունակվում է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի ժողովրդի: Հայ զինվորները շարունակում են ապօրինաբար ձերբակալված մնալ և խոշտանգվել, միևնույն ժամանակ հազարավոր քաղաքացիական անձինք ապրում են վտանգի տակ: Կրոնական ու մշակութային հայկական կոթողներն անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո և մշտական սպառնալիքի տակ են:

Սրանք ագրեսիայի և ատելության անզուսպ աճի հետևանքն են, և սա է պատճառը, որ անկախ նրանից, թե մարդկության դեմ այս հանցագործությունները տեղի են ունեցել մեկ տարի, երեսուն կամ հարյուր տարի առաջ, մենք երբեք չենք կարող թույլ տալ, որ դրանք չճանաչված մնան: Ավելին, սա է պատճառը, թե ինչու Միացյալ Նահանգները պետք է լիարժեքորեն կատարի աշխարհում ժողովրդավարության ու խաղաղության պաշտպանի իր դերը: Մենք չպետք է դադարեցնենք կոչ անել ապահով ու առանց նախապայմանների ազատ արձակել մնացած հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց, դադարեցնել ԱՄՆ օգնությունն Ալիևի ռեժիմին և ավելի մեծ ջանքեր գործադրել՝ աջակցելու ժողովրդավարությանը Հայաստանում և ազատ, անկախ Արցախում»,- հայտարարել է Շիֆը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից