Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ն կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ. Փաշինյան

Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ի՞նչ պաշտոնական արձագանքներ կան ՀԱՊԿ-ից, և ի՞նչ ակնկալիքներ կան այս մասով: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, նաև ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը: Առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որ քննարկենք այդ զեկույցը: Հուսով եմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա նիստը:

Մեր ակնկալիքն է, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, կընդունի ճանապարհային քարտեզ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ սա ոչ միայն ՀՀ Կառավարության, այլև ժողովրդի ակնկալիքն է:

«Կարծում եմ՝ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության ու կառավարության կողմից, կստանան պատասխաններ»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել