Ալիևի օգնականը Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը լուրջ մտահոգություն և սպառնալիք է որակել

Մենք արդյունավետ չենք համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, դա վնասակար քաղաքականություն է:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի «խոսափող» Հիքմեթ Հաջիևը՝ հայտարարելով, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքների և խաղաղության համար։

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ուժերին: Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանին զինելն անընդունելի է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով, թե, իբր, «Հայաստանը Հարավային Կովկասում օկուպացիա և ագրեսիա իրականացրած երկիր է»։

Նշենք, որ նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն էր հրապարակել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Ի պատասխան Բաքվից հնչող հայտարարությունների՝ հաղորդագրություն է հրապարակել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, իսկ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս:

Պատասխանելով հիմքից զուրկ պնդումներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը նկատել է.

«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին: ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում կնքվել է պայմանագիր:

Related posts

Մայիսի 9-ը հավասարապես նաև մեր հաղթանակն է. ԱԺ փոխնախագահը՝ վարչապետի՝ ՌԴ այցի մասին

Առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ