ԱԺ-ն ընդունեց հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը
Քվեարկության դրվեց ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Օրենքի նախագիծը ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ստանալով 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներ:

Վարման կարգով ելույթում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ քվեարկվող հարցի վերաբերյալ իրենք չեն կարող կողմ լինել այն պարզ պատճառով, որ դա կիսատ-պռատ մի լուծում է՝ համակարգը պատրաստ չէ, հետևաբար, նոյեմբերին մեծաթիվ խնդիրներ են առաջանալու:

Նա հայտնեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու այդ նախաձեռնությանը:

Ավելի վաղ Բաբկեն Թունյանը հայտնել էր՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել:

Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխություն կատարել:

«Նախագծի ընդունման արդյունքում բոլոր այն քաղաքացիները, որոնք այս տարի լրացնելու են հայտարարագիր՝ նախորդ տարվա եկամուտների համար, նրանց համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ կապ չունի՝ մարդը առաջին, թե երկրորդ անգամ է լրացնում հայտարարագիր. նրանց բոլորի համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը:

Նույն կերպ, ովքեր հայտարարագիր լրացնելու են հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, նրանց համար նույնպես վերջնաժամկետ դառնում է նոյեմբերի 1-ը: Սկզբնաժամկետը դառնում է մարտի 2-ը: Ընդհանրապես, դրանից հետո հայտարարագրերի ներկայացման ժամկետ դառնում է մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը»,- ասել է Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ գործող կարգավորմամբ հայտարարագրերն այժմ կարելի է ներկայացնել սկսած հունվարի 1-ից: Նախագծի հեղինակը պարզաբանել է, որ մարտի 2-ն ընտրվել է, քանի որ կան տեղեկություններ, որոնք հարկային մարմնին հասանելի են դառնում մարտի 1-ից հետո:

Այսինքն՝ եթե, օրինակ, որևէ ֆիզիկական անձ որևէ գույք է օտարել իրավաբանական անձի, և այդտեղ եկամտահարկ է գեներացվել, այդ իրավաբանական անձն այդ տեղեկությունը ՊԵԿ-ին կարող է փոխանցել մինչև մարտի 1-ը»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը: Նա պարզաբանել է, որ մարտի 1-ից հետո ՊԵԿ-ն ունենում է այդ տեղեկությունը և կարող է քաղաքացու հայտարարագրում ինքնաշխատ կերպով լրացնել այդ բոլոր փոփոխությունները: «Այսինքն՝ քաղաքացուն ավելի քիչ անելիք կմնա»,- ասել էր նա:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել