Ադրբեջանի հանդուգն ու անհեթեթ պահվածքը որևէ կերպ նորություն չէ, բայց այստեղ այլ հարց կա․ ադրբեջանագետ

Արցախ ուղարկված հումանիտար օգնության մասով ասեմ, որ բեռները շարունակում է կանգնած մնալ Կոռնիձորում: Այս մասին հայտնում է Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Այդ ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հրավիրել է Բաքվում հավատարմագրված դեսպաններին ու մի երկար քարոզ կարդացել, թե ինչու չի կարող թույլ տալ, որ հումանիտար բեռներով մեքենաները մտնեն Լեռնային Ղարաբաղ:

«Չնայած խաղաղության օրակարգի վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջ քաշված հստակ դիրքորոշմանը, անընդունելի են Հայաստանի կողմից միջազգային իրավունքի որևէ նորմի և տրամաբանության մեջ չտեղավորվող, հիմք չունեցող պահանջների առաջադրումը, ինչպես նաև Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը: Չնայած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման մասին հայտարարությամբ, գործնականում Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերն ուղղակիորեն ուղղված են մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, ուղեկցվում են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերով»,–դեսպանահավաքի ժամանակ հայտարարել է փոխնախարար Արազ Ազիմովը:

Դրանից բացի, Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշված է. «Առանց մեր երկրի հետ համաձայնեցնելու «մարդասիրական բեռի» պատրվակով հայկական կողմից ավտոշարասյունների ուղարկումն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, հերթական սադրանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ: Հայկական կողմը, այսպես կոչված ցեղասպանության փորձերի մեջ Ադրբեջանին մեղադրելու փոխարեն, պետք է ներողություն խնդրի Հայաստանի տարածքից ադրբեջանցիների բռնի տեղահանման, հայրենի հողից տեղահանման ժամանակ մարդկանց զանգվածային մահվան դեպքերի, մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ ադրբեջանական տարածքների ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով ցեղասպանության, էթնիկ զտումների քաղաքականության և նրա կատարած արարքների համար»:

Ինչ խոսք, Ադրբեջանի հանդուգն ու անհեթեթ պահվածքը որևէ կերպ նորություն չէ, բայց այստեղ այլ հարց կա: Առհասարակ, երբ ծնողը երեխայի հանդեպ բռնություն է կիրառում, այդ ծնողին՝ դրսից հատուկ մարմինները զրկում են ծնողական իրավունքից: Հիմա Ադրբեջանը բոլորին կանչել, ասում է ես եմ այդ տարածքի տերը, այդ մարդիկ էլ, իբր իմ քաղաքացիներն են, թողեք, որ ինձ ենթարկվեն ու բոլորը այս «կուտը» ուտում են: Այսինքն՝ Ադրբեջանը 120,000 մարդու այսօր բոլոր առումներով շրջափակման մեջ է առել, որ «ենթարկացնի»: Նման դեպքում, անգամ եթե բոլորն ասեն, որ իբր այդ տարածքի տերն Ադրբեջանն է, Ադրբեջանին պետք է զրկել այդ տարածքի նկատմամբ ամեն տեսակ լիազորություններից, որովհետև ինքը փաստացի մարդկանց հոգեբանական ու ֆիզիկական կտտանքների է ենթարկում: Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ բազմաթիվ դեսպանների կոչերից հետո, թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Արցախի հայերին սպասվող «իրավունքների ու անվտանգության» մասին»,-նշել է Հայրապետյանը:

Related posts

Ժողովրդի հերոս ու ծառա Ռայիսիի փառավոր ուղին շարունակվելու է․ Իրանի կառավարության

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Սկսվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի մարմինների նույնականացումը